Իմ տեղեկություններով՝ իշխանությունները նախապատրաստում են նոր քրեական վարույթ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ։ Քննչական կոմիտեում մեղադրանքը քննվում է «փողերի լվացման» հոդվածով։
Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը նույնպես գործով անցնում է։ Երբ ես դիմեցի Գլխավոր դատախազություն՝ պահանջելով գրավոր հարցման պատասխան, նախապես փորձեցի կապ հաստատել տիկին Ղազարյանի հետ՝ հարցնելու համար, թե արդյոք նա հրավիրվել է քննչական մարմին, ի՞նչ կարգավիճակով, և արդյոք դա առնչվո՞ւմ է Վեհափառին։
Տիկին Ղազարյանը պատասխանեց․ «Այո, ես հրավիրվել եմ Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակում։ Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել հարցաքննության վերաբերյալ, քանի որ տեղյակ չեմ՝ դրա իրավունքն ունե՞մ, թե՝ ոչ։ Միայն կարող եմ ասել, որ քրեական գործը «Շողակաթի» հետ որևէ կապ չունի, բացահայտ անհիմն քրեական գործ է, և որևէ լուրջ բան չեմ տեսնում»։
Իմ տեղեկություններով՝ գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին՝ իր ֆոնդից։ Այդ բնակարանը սեփականատերը հետագայում վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Այս իրադարձությունների հետ կապված, իշխանությունները նախատեսում են նոր ցնցում հասցնել հանրությանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրել՝ առանց հրապարակային պարզաբանման, թե ինչ հարց է բերվում օրակարգ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր կարգադրություն է ստորագրել։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պահին, երբ Եկեղեցին պահանջում է արգելել կարգալույծ հռչակված քահանային մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու որոշակի հատվածներ՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։