Իշխանական շրջանակների կողմից ընտրված քարոզարշավի տրամաբանությունը պարզ է՝ ամեն օր նոր, ավելի խորը այլանդակություն։ Սա ոչ թե վատի կամ լավի հարց է, այլ գիտակցված, հստակ որոշում։ Այս պայմաններում ընդդիմության և հանրության համար հաջողության գրավականը ոչ թե մոնոտոն ծրագրային դրույթների ներկայացումն է, այլ ընդհանուր, միասնական մարտավարության ձևավորումը։
Մեր առաջարկած մարտավարությունը պարզ է՝ կենտրոնանալ ոչ թե այլանդակության վրա, այլ դրա հակադրության վրա։ Պետք է ստեղծել նոր հանրային պրոյեկտ՝ «Կյանքը՝ հունիսի 7-ից հետո»։ Սա միայն մարտավարություն չէ, այլև հոգեբանական վերափոխում։ Այն պետք է դառնա մեր ընդհանուր հենքը, որի շուրջ կկառուցվեն մեր հարաբերությունները՝ ընդդիմության ներսում և, ամենակարևորը, ընդդիմության և հանրության միջև։
Մենք պետք է բաց և անկեղծ խոսակցություն վարենք մեր հարյուրավոր հազարավոր քաղաքացիների հետ։ Ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք իրար հետ աշխատելու, ո՞նց ենք առաջ գնալու, ի՞նչ ենք պայմանավորվում, ի՞նչն ենք մերժում, ո՞նց ենք սրանց թողած աղետների ժառանգությունից քայլ առ քայլ դուրս գալու։ Պետք է հասկանալ, որ առաջիկա ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են, որտեղ մենք որոշելու ենք մեր երկրի ճակատագիրը՝ այլանդակության, թե՞ բանականության ճանապարհով։
Մեր ծրագրերը պետք է ներկայացվեն այս տրամաբանության շրջանակում։ Սա թույլ կտա փոխել հանրային մթնոլորտը, ստեղծել փոփոխությունների մեծ ամպ, որը կկախվի մեր երկնքում և հունիսի 7-ին տեխնիկապես կհանգուցալուծվի։
Այլանդակության մասնավոր նարատիվին՝ այսպես կոչված «զռռալու» դրվագին, պետք է հանդիպել խիզախությամբ։ Պետք է ընդունել, որ արդեն 5-6 տարի է՝ մեր երկիրը աշխարհի, հատկապես մեր հարևան երկրների կողմից դրվել է «զռռանի» տեղում՝ որպես էքսպերիմենտ։ Պետք է իսկապես բաց խոսել դրա մասին՝ այնպես, որ հունիսի յոթից սկսած այս ամոթալի վիճակները վերջապես մոռացվեն։
Սա մեր միակ ճանապարհն է դեպի ապագան։